Մարդու իրավունքների պաշտպանն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման արշավի 2025 թվականի մեկնարկը։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
Պաշտպանի աշխատակազմը տարվա ընթացքում նախատեսում է կազմակերպել այցեր տարբեր ուսումնական հաստատություններ և հյուրընկալել ուսումնական հաստատությունների սաներին՝ նպատակ ունենալով բարձրացնել երեխաների իրազեկվածությունն իրենց իրավունքների և ՄԻՊ հաստատության գործունության վերաբերյալ։
2025 թվականի ընթացքում ՄԻՊ այցելած առաջին խումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի սաներն են։
Հանդիպման ընթացքում երեխաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցեր: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ:
Երեխաներին ներկայացվել են նաև առանց մեծահասակների միջնորդության Պաշտպանին դիմելու բոլոր եղանակները, այդ թվում` 116 թեժ գծի հեռախոսահամարի միջոցով։