1000 դոլար կտամ, եթե տեսանյութով ապացուցեք, որ ես ասել եմ, թե տրանսպորտը պետք է թանկանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Դուք ստում եք, եթե կա մարդ այս աշխարհում, որը կբերի տեսանյութ, որտեղ ես ասում եմ՝ որ պետք է տրանսպորտը թանկանա, և ես թանկացնելու եմ տրանսպորտը, ես այդ մարդուն կվճարեմ 1000 ամերիկյան դոլար: Եթե չբերի, ինքը ինձ թող վճարի 100 դրամ: Ես երկու անգամ խոսել եմ գնի մասին՝ մեկը մինչև ընտրությունները, ասել եմ, որ փաթեթներ պետք է լինեն, պետք է միասնական տոմս լինի: Մյուս անգամ էլ ասել եմ, որ հանրաքվե պետք է լինի»,- ասաց Մարությանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ ժամանակի ինքն էլ է հայտարարել, որ տրանսպորտը բարեփոխումների արդյունքում կթանկանա։

Անդրադառնալով այն դեպքին, որ իր կուսակից Գրիգորի Երիցյանը մեկամսյա 9,000 դրամանոց տոմս է գնել և 500 մարդու մետրոյում հնարավորություն է տվել, որ անվճար երթևեկեն, դրանից հետո քարտը բլոկավորել են, Մարությանն ասաց. «Չմտածված, չկարգավորված քայլեր են անում: Եթե դուք անսահմանափակ տոմս եք տալիս մարդուն, ինքը կարող է օգտագործել, այնտեղ նշված չի, որ մեկ անձ միայն կարող է օգտագործել դա: Եթե չեմ սխալվում, ավագանու որոշման մեջ բացարձակ չկա խոսք մեկ անձի օգտագործման մասին: Նշանակում է՝ իրենք նորից չեն հաշվարկել, չեն գրել: Եթե չեք գրել, ուրեմն մարդն իր տոմսն իրավունք ունի փոխանցել այլ անձանց։ Այս «ռեֆորմին», իսկ իրականում թանկացումներին իրենք բացարձակ պատրաստ չեն»: