Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության վարչության անդամ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ակնհայտ կեղծ տեղեկություն է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում՝ պնդելով, որ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ռոմանոս Պետրոսյանն այս թեմային անդրադարձել է Factor.am-ի հարցին ի պատասխան՝ արդյո՞ք հեղափոխական արժեքների մեջ է տեղավորվում այն, որ Գարիկ Սարգսյանը կողմ է քվեարկել ինքն իրեն մեկ աշխատավարձի չափով պարգևատրելու որոշմանը։ Նման նախագիծ Վեդիի ավագանին քննարկել է 2024 թվականի վերջին նիստին, արդյունքում՝ Գարիկ Սարգսյանը ստացել է 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ։ «Եթե չտրամադրեր իրեն պարգևավճար, կասեի՝ կեցցե՛ս, Գարիկ ջան, բա դու ո՞նց ես ապրում ամսական 200 հազար դրամ աշխատավարձով»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Ռոմանոս Պետրոսյանի պնդումը, թե Գարիկ Սարգսյանի աշխատավարձը 200 հազար դրամ է, սխալ է։ Factor.am-ն ուսումնասիրեց Վեդի համայնքի ավագանու ընդունած որոշումները և պարզեց, որ համայնքի ղեկավարի աշխատավարձն՝ այս դեպքում Գարիկ Սարգսյանինը, կազմում է 590 հազար դրամ։ Ավագանին այս որոշումն ընդունել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին։