Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը չի ապահովում աշխատակիցների տարրական իրավունքները, Ազատության փոխանցմամբ, ասել է գործարանի աշխատակիցներից Վահե Մխիթարյանը, որ երեկվանից գործադուլի է մասնակցում:
«Ես աշխատում եմ հարստացուցիչ ֆաբրիկայում, սելեկցիայի բաժնում: Ամենակարևորը՝ օդափոխության համակարգ, նորմալ զուգարանային պայմաններ, տաք ջուր զուգարանում, ճաշասենյակներում լվացարաններ չկան: Ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ, ներսում թունավոր օդ է: Մեր առաջնային պահանջն է, որ բաց երկխոսություն կազմակերպեն աշխատակիցների ու տնօրինության միջև», – «Ազատությանը» պատմել է Վահե Մխիթարյանը:
Մխիթարյանն ասաց՝ երեկ առավոտյան հանդիպել են տնօրենին ու փոխտնօրեններին, բայց կառուցողական չի եղել: Հատկապես աշխատավարձի հարցը չեն ցանկացել քննարկել: Միջնորդել է Քաջարանի համայնքապետը, բայց էլի չի ստացվել կոմպրոմիսը աշխատակիցների ու տնօրինության միջև: Պայքարը շարունակելու են, վստահեցնում է մեր զրուցակիցը:
Գործադուլ հայտարարած աշխատակիցները պահանջում են 50 տոկոսով բարձրացնել աշխատավարձը: Գործարանից այսօր հայտարարությամբ արձագանքել են, որ նրանց պահանջն անիրատեսական է, իսկ գործադուլը ոչ իրավաչափ:
Աշխատանքը կորցնելու սպառնալիքը ազդե՞լ է մարդկանց տրամադրության վրա, աշխատավարձի քանակից դժգոհողները պատրա՞ստ են այն կորցնել ամբողջությամբ: Վահե Մխիթարյանն ասաց՝ սպառնալիքը հակառակ ազդեցությունն է ունենալու:
«Մեր պահանջն արդար է: Մենք պայքարելու ենք, եթե նույնիսկ ցուցակ են կազմել 50 հոգու, ում պատրաստվում են հեռացնել ու սպառնում են դրանով: Ես էլ եմ այդ ցուցակի մեջ և կաշկանդվածություն չունեմ ընդհանրապես: Ակնհայտ սպառնալիք է այդ հայտարարությունը ու մեզ չի վախեցրել, երեկոյան հավաքվելու ենք Քաջարան քաղաքում ու շարունակելու ենք ակցիաները: Սա արժանապատվության հարց է: Ֆաշիստներն էին այսպես անում, մարդկանց փակում էին մի տարածքում ու ներարկում թունավոր նյութեր: Գուցե էմոցիոնալ է, բայց այս պայմաններում հնարավոր չէ աշխատել», – ընդգծեց նա:
Ըստ Վահե Մխիթարյանի՝ գործադուլի մասնակիցներից մոտ երկու հարյուր հոգի գիշերել է գործարանի տարածքում: