Կատալոնիայի բաց համալսարանի (Իսպանիա) գիտնականները պարզել են, որ քրքումն օգնում է նվազեցնել մկանների վնասման մակարդակը և մարմնում բորբոքային պրոցեսները մարզվելուց հետո, ինչպես նաև նվազեցնել վնասվածքների վտանգը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the International Society of Sports Nutrition (JISSN) ամսագրում:
Գիտնականները վերլուծել են նախկինում հրապարակված 11 հետազոտություններ, որոնք ուղղված են եղել քրքումի օգտակար հատկությունների ուսումնասիրությանը։ Չնայած նրան, որ քրքումը հայտնի է ավանդական ասիական բժշկության մեջ իր ժողովրդականությամբ, վերջերս ավելի ու ավելի շատ գիտական հետազոտություններ ապացուցել են, որ այս արմատն ունի օբյեկտիվ բուժիչ հատկություններ:
Նոր մետավերլուծության ժամանակ իսպանացի գիտնականները հաստատել են, որ քրքումը՝ որպես հավելում, ունի հզոր հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններ։ Այս ազդեցությունները հատկապես օգտակար են այն մարդկանց համար, ովքեր կանոնավոր և ակտիվորեն մարզվում են:
Գիտնականների կարծիքով՝ քրքումինի ընդունումը թե՛ մարզվելուց առաջ, թե՛ հետո օգնում է արագացնել մկանային մանրաթելերի վերականգնումը, թեթևացնել ցավը և մեծացնել հակաօքսիդանտ կարողությունը (մարմնի կարողությունը հաղթահարել «սթրեսային» օքսիդացման գործընթացները): Քրքումը նաև նվազեցնում է համակարգային բորբոքումները, ինչը նվազեցնում է մարզումների ժամանակ վնասվածք ստանալու հավանականությունը:
Մասնագետները կարծում են, որ լավ առողջություն ունեցող մարդկանց անհրաժեշտ է օրական ընդամենը մեկից չորս գրամ քրքում ընդունել՝ առողջության օգուտներ ստանալու համար, ասում են հետազոտողները: Վերականգնման էֆեկտը հատկապես կարևոր է էքսցենտրիկ վարժությունների դեպքում (որոնցում թիրախային մկաններն օգտագործվում են քաշը իջնելիս վերահսկելու համար), որոնք հակված են առավելագույն վնաս հասցնել մարզիկներին: