ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որն արգելում է անչափահասների սեռափոխության հետ կապված բժշկական պրոցեդուրաների դաշնային ֆինանսավորումը և կարգադրում է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նման վիրահատությունները, ասվում է պետության ղեկավարի՝ Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
«Բժիշկներն ամբողջ երկրում անդամահատում և ստերիլիզացնում են աճող թվով երեխաների՝ կեղծ պատրվակով, որ նրանք կարող են փոխել իրենց սեռը մի շարք անդառնալի բժշկական միջամտությունների միջոցով: Այս վտանգավոր միտումին պետք է վերջ դրվի»,- ասել է Թրամփը։
Փաստաթղթի համաձայն՝ արգելվում է պետական միջոցներն օգտագործել 19 տարեկանից ցածր անձանց սեռափոխությանն ուղղված վիրահատությունների կամ հորմոնալ բուժման համար։
Թրամփը հանձնարարել է Առողջապահության նախարարությանը վերանայել երեխաների գենդերային դիսֆորիայի բուժման վերաբերյալ առաջարկությունները և 90 օրվա ընթացքում ներկայացնել նոր զեկույց։
Հրամանագիրը նաև պահանջում է, որ դաշնային ֆինանսավորում ստացող առողջապահական ծառայություններ մատուցողները դադարեցնեն նման ծառայություններ մատուցելը :
«Միացյալ Նահանգներն այլևս չի հովանավորի կամ աջակցի, այսպես կոչված, երեխաների «անցումներին» մի սեռից մյուսը»,- ընդգծել է նախագահը։
Փաստաթուղթը նաև հանձնարարում է Արդարադատության դեպարտամենտին ուժեղացնել երեխաների պաշտպանության մասին օրենքների կիրարկումը և հետաքննել այս ոլորտում բժշկական խարդախության և չարաշահման դեպքերը: