ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության նոր տնօրեն է նշանակել Շոն Քուրանին: Վերջինս ղեկավարում էր թիկնապահների թիմը, որոնք պաշտպանել են ԱՄՆ նախագահին հուլիսին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ մահափորձի ժամանակ:

«Նա ապացուցել է իր քաջությունը, երբ վտանգի է ենթարկել սեփական կյանքը՝ օգնելով փրկել իմը մարդասպանի գնդակից Բաթլերում, Փենսիլվանիայում: Ես լիովին վստահ եմ, որ Շոնը Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայությունը կդարձնի ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social ցանցում։

Թրամփն ընդգծել է, որ Շոն Քուրանը մեծ հայրենասեր է, որը պաշտպանել է իր ընտանիքը վերջին տարիներին։ Քուրանը 23 տարի ծառայել է իրավապահ մարմիններում՝ սկսելով կարիերան Գաղտնի ծառայությունում 2001 թվականին:

Բացի այդ, Թրամփը Եվրամիությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Էնդրյու Փուզդերին, որը 2000 թվականից 17 տարի գլխավորել է CKE Restaurants-ը՝ Carl’s Jr. արագ սննդի միջազգային ցանցի մայր ընկերությունը:

«Էնդին հիանալի աշխատանք կկատարի՝ ներկայացնելով մեր երկիրը այս կարևոր տարածաշրջանում», – գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ում: