Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
![screenshot-3_59-770x_](https://norlur.am/wp-content/uploads/2025/01/screenshot-3_59-770x_.png)
Կառավարությունն այսօրվա նիստում Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կայացվեց։
«Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել, և գործող կարգավորումներով՝ դրանից հետո, համապատասխան արձանագրություններից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, Կառավարությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումների համաձայն, պիտի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և միաժամանակ նոր արտահերթ ընտրություններ նշանակելու որոշում կայացնի»,- ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Ըստ Խուդաթյանի՝ Կառավարության որոշման նախագծով ավագանին լուծարվում է, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում է կայացվում: Դրանից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ:
Օրեր առաջ Փարաքարի փրայմըրիզում հաղթել է երկու ամիս առաջ հրաժարական տված համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։