Հայ-ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին, մի շարք ուղղություններով բավականին առաջ ենք շարժվել. Սուրեն Պապիկյան
Շատ ուրախ եմ որ հայ-ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև համագործակցությունն ըստ էության, չի փոխվում այս նոր փաստաթղթից, որովհետև այն, ինչ ունենք մենք, արդեն իսկ փաստագրված, դրա շրջանակներում է շարունակվելու մեր համագործակցությունը: Մեր համագործակցությունը ամբողջությամբ տեղավորվում է նաև նոր փաստաթղթի շրջանակներում։
Մենք մի շարք ուղղություններով բավականին առաջ ենք շարժվել, գիտեք, որ վերջին տարիներին շարունակվում են մեր զորավարժությունները խաղաղապահ ուղղությամբ, մեր համագործակցությունը՝ խորհրդատվության, ինչպես նաև սերժանտական համակարգի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կերպափոխման շրջանակներում, և մենք գոհ ենք այդ համագործակցությունից:
Կարծում եմ՝ առկա տեմպը բավականին լավն է, կա դրական դինամիկա և լիահույս ենք, որ 2024 թվականի ձեռքբերումները 2025 թվականին կշարունակվեն, կավելանան և մեր համագործակցությունը ավելի կամրանա»,- ասաց նախարարը: