Կառավարության նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց զբաղվածության 2025-31 թթ. Ռազմավարական ծրագիրը:

Նախարարը նշեց, որ փաստաթուղթը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը:

Նրա խոսքով՝ ոլորտի մարտահրավերները պատճառահետևանքային կապի մեջ են նաև ոլորտի այլ մարտահրավերների հետ: «Վերջերս կառավարության կողմից հաստատված ժողովրդագրության ռազմավարությունը և դրա վերլուծությունը ցույց է տալիս մի շարք մարտահրավերներ՝ օրինակ, նվազող ծնունդներ, բնակչության ծերացման, ինչպես նաև միգրացիոն մարտահրավերներ, որոնք ստեղծում են աշխատուժի, արտադրողականության բարձրացման հույժ անհրաժեշտություն»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ գործազրկությանը՝ Մկրտչյանը նշեց, որ այստեղ ունենք 2 բնույթի գործազրկություն՝ կառուցվածքային և ցիկլիկ:

«Պատճառները տարբեն են, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք ունենք մի շարք խնդիրներ: Հատկապես պոտենցիալ աշխատուժի զգալի մասն անմրցունակ է և չունի համարժեք գիտելիքի փափուկ և մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից և արագ փոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ օգտագործվող կամ պոտենցիալ աշխատուժի մարտահրավերը 2022 թվականին կազմել է ընդհանուր աշխատանքային ռեսուրսների 15 տոկոսը կամ 339 հազար մարդ: «Մի կողմից այս ցուցանիշը վկայում է չիրացված ներուժի մասին, որը մրցունակ աշխատանք ունենալու պարագայում կարող էր նշանակալի ավելացված արժեք ստեղծել տնտեսության մեջ, մյուս կողմից՝ աշխատանքի բացակայությունը, որը, բնականաբար, աղքատության ավելացման պատճառ է»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ մշակված ռազմավարության ծրագիրը փոխելու է նկարագրված պատկերը: