Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
ԵԱՏՄ տարածքում այս սեզոնին նոր համավարակ չի սպասվում․ Օնիշչենկո
Այս սեզոնին ԵԱՏՄ տարածքում նոր համավարակ չի սպասվում, քանի որ դրա համար պետք է վիրուսի նոր տեսակ առաջանա, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
«Այսօր կարող եմ ասել, որ այս սեզոնին համավարակ չենք ակնկալում, քանի որ նոր համավարակի գալու համար անհրաժեշտ է նոր կորոնավիրուսային վիրուս։ Այս ամենը սկզբնական վիրուսի տատանումներն են, որը հայտնվել է 2019 թվականին՝ Ուհանում․ այն սկզբում իրեն դրսևորել է Միացյալ Նահանգներում, իսկ հետո տարածվել ամբողջ աշխարհում»,- ասել Է Օնիշչենկոն տեսակամուրջի ժամանակ։
Ակադեմիկոսը հավելել է, որ օմիկրոն շտամի բոլոր ածանցյալները, որոնք այսօր կան և ամեն անգամ փոփոխվում են, ըստ գիտական տվյալների և ունեցած փորձի, այլևս չեն հանգեցնի համաճարակային տարածման: Մինչդեռ, ըստ ակադեմիկոսի, ԵԱՏՄ անդամ երկրներին պատվաստանյութերով ապահովելու հարցում միասնական մոտեցում է պետք։
«Խորհրդային տարիներին բոլոր միութենական հանրապետությունների բնակիչներին պատվաստում էին գրիպի դեմ միասնական պատվաստանյութով։ Այսօր ԵԱՏՄ-ն աշխատանքի, սննդի, բժշկական օգնության միավորված շուկաների ամբողջություն է, սակայն այնտեղ չկա, ցավոք, մեկ պատվաստանյութ։ Կարծում եմ, որ պետք է վերադառնալ միասնական մոտեցմանը»,- ասել է Օնիշչենկոն։
Ինչ վերաբերում է «Մարբուրգ» հեմոռագիկ տենդին, որի բռնկումները Եվրոպայում գրանցվել են այս ամիս, Օնիշչենկոն ընդգծել է, որ տվյալ վարակի տարածվածության աստիճանը և համաճարակաբանական ներուժը Ռուսաստանի համար էական չեն, քանի որ վիրուսը չի հասցնում մեծ թվով մարդկանց փոխանցվել իր բարձր վիրուսայնության պատճառով:
«Մարբուրգ» տենդի վիրուսի վարակելիությունը և համաճարակաբանական ներուժը, նրա բարձր վիրուսայնության պատճառով, այնքան էլ էական չեն, քանի որ, երբ մենք խոսում էինք COVID-19-ի մասին՝ նկատի ունեինք, որ մարդը վիրուսակիր է, բայց նրա ջերմաստիճանը կարող է նույնիսկ չբարձրանալ, այսինքն՝ հիվանդությունը կարող է լինել մեղմ ձևով: «Մարբուրգի» դեպքում վարակվածի համար ամեն ինչ սկսվում է շատ կտրուկ ու լուրջ ձևով․ նա տրամադիր չէ ո՛չ որևէ մեկի հետ շփվելու, ո՛չ էլ, ուրեմն, այդ վիրուսը փոխանցելու», - ասել է ակադեմիկոսը։