Բաժին : Քաղաքականություն
Դուք էլ, Ադրբեջանն էլ նույն խոսույթն եք օգտագործում, ես այստեղ Ադրբեջանի խոսնակը չեմ. Փաշինյանն՝ ընդդիմությանը
Պարոն Դանիելյան Դուք մամուլ չեք կարդո՞ւմ, ձեզ թվում է՝ սա միամիտների երեկո՞ է: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա դուք ինձ հարցնում եք՝ չե՞ք տեսնում Ադրբեջանի կողմից ինչ պահանջներ են հնչում: Չեք զգո՞ւմ, որ նույն խոսույթն եք օգտագործում, Ադրբեջանն էլ է ասում կապիտուլյացիա, դուք էլ եք ասում կապիտուլյացիա, բա որ կապիտուլյացիա է, դուք ի՞նչ գործ ունեք այստեղ նստած, ընդհանրապես ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում, կապիտուլացված երկրի պատգամավոր լինո՞ւմ է: Եթե համարում եք, որ երկիրը կապիտուլացված է, ուրեմն դուք ձեզ չեք համարում ՀՀ պատգամավոր, այլ համարում եք այն ուժերի պատգամավոր, ովքեր ձեր տրամաբանությամբ կապիտուլացրել են»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ընդդիմությունն անընդհատ բերում է Ադրբեջանի օրակարգերը:
«Ասում եք՝ բա ինչո՞ւ չեք բարձրացնում ԼՂ բնակիչների վերադարձի հարցը, առավոտից երեկո Ադրբեջանը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, դուք դա չեք նկատո՞ւմ, շատ ուժեր Ադրբեջանում ուզում են, որ Հայաստան չլինի, է հետո՞, նորությո՞ւն է դա ձեզ համար: Այդպիսի ուժեր արևելքում էլ կան, հյուսիսում էլ, արևմուտքում էլ կգտնվեն: Ես Ադրբեջանի խոսնակը չեմ, գնացեք բացեք ձեր կայքերը, կարդացեք՝ ինչ է ուզում Ադրբեջանը: Ես այստեղ չեմ եկել ասեմ Ադրբեջանն ինչ է ուզում, եկել եմ ասեմ, թե ինչ է ուզում ՀՀ-ն»,- նշեց Փաշինյանը:
Գառնիկ Դանիելյանն արձագանքելով՝ ասաց.
«Այնպես եք ջղայնանում հարցերից, ոնց որ ձեզ չպետք է տան այս հարցերը, գնամ լրագրողին տամ, բա վարչապետ եք, ձեզ պետք է տամ, ինչո՞ւ եք ջղագրգիռ պատասխաններ տալիս: Ընդամենը 2 հարց եմ տվել»: