Բաժին : Տնտեսություն/Բիզնես
Կայացել է ՀՀ ֆինանսների նախարարի և ԱՄՀ պատվիրակության ներկայացուցիչների ամփոփիչ հանդիպումը
ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման շրջանակներում կայացել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և ԱՄՀ պատվիրակության ներկայացուցիչների միջև ամփոփիչ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան ամփոփել է այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները, կարևորել հայկական կողմի՝ պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ գրանցված առաջընթացը։
Նախարար Հովհաննիսյանի կողմից անդրադարձ է կատարվել 2025 թվականի պետական բյուջեի մշակման հիմքում ընկած մոտեցումներին, երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին ու հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված և իրականացվելիք բարեփոխումներին։
Կողմերն ընդգծել են պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային ու կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում՝ արժևորելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը ծրագրի հետագա ընթացքի, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերության համար։