Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին խոսք է լինում, այնինչ դպրոցը պետք է խոսի երեխայի հետ հասկանալի լեզվով. ԿԳՄՍ նախարար

Դատողություն կա, որ մեր դպրոցը պետք է կապ չունենա մեր իրականության հետ: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

«Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին խոսք է լինում, մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում ժամանակակից երաժշտությանն ենք անդրադառնում: Մարդիկ ընդհանրապես, կարծես, ամեն ինչից հուզվում են:

 

Իրականում մեր դպրոցը պետք է մոտ լինի կյանքին: Չի կարող մեր երեխաների կյանքը լինի մի բանի մասին, մեր դպրոցը լինի տրամագծորեն ուրիշ բանի մասին: Սա է եղել նաև մեր կրթության հիմնական խնդիրներից մեկը, որ դպրոցը՝ գնալով կորցրել է երեխաների հետ կապը, և երեխաներին դարձել է ծայրահեղ անհետաքրքիր այդ դպրոցում գտնվելը»,- ասաց Անդրեասյանը:

 

Նրա խոսքով, դպրոցը պետք է խոսի երեխայի հետ, խոսի երեխային հասկանալի ձևով ու լեզվով՝ օգտագործելով այդ լեզուն նրան սովորեցնելու այն գիտելիքներն ու արժեքները, հմտությունները, որի կարիքը մենք ունենք:

«Թե որ նյութն է տեղին օգտագործել, որը՝ ոչ, որ տեքստն է տեղին օգտագործել, որը՝ ոչ, դա մասնագիտական աշխատանք է: Մարդիկ որոնք սովորել և դարձել են այդ ուղղության մասնագետ, պետք է եզրակացություններ անեն ու փորձաքննեն և այդ եզրակացության հիման վրա էլ պետք է որոշենք՝ նյութը տեղի՞ն է, թե՝ ոչ»,- շեշտեց նա:

Ըստ նրա՝ այդ եզրակացությունները եղել են, դասագրքերն արդեն դպրոցներում են, իրենք կհասկանան նաև դպրոցների, ուսուցիւչների արձագանքը: «Եթե լրամշակման որևէ կարիք կլինի մեր բոլոր դասագրքերի հեղինակները կապի մեջ են դպրոցների հետ և իրենք հանդիպումներ ու քննարկումներ են կազմակերպում: Ավելի կարևոր է՝ մեր երեխաների կրթության որակի հետ կապված բացթողումները շտկենք»,- հայտարարեց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.