Բաժին : Մշակույթ
Անկախության օրն Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում
Առաջին անգամ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այն կցուցադրվի տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ։ Որոշումը կայացվել է Կառավարության այսօրվա նիստում:
Հանրահռչակման նպատակով՝ այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու, հասարակության առավել լայն շրջանակներին հաղորդակից դարձնելու կարևորությունից ելնելով՝ անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով: Այդ նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:
Ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երևանում, իսկ թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը՝ հանրապետության ողջ տարածքով:
Միաժամանակ նախատեսվում է նաև, մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա կապակցությամբ զուգահեռ իրականացնել ցուցադրությանը նախորդող էտյուդային ֆլեշմոբ քաղաքի 8-10 տարբեր կետերում պլաստիկ փերֆորմերների և մարդարձանների, ինչպես նաև երեխաների մասնակցությամբ քաղաքացիների ցուցահանդեսի բացման և արձանի ժամանման իրազեկման նպատակով։