Բաժին : Իրավունք
Անձին մեղադրանք է ներկայացվել կաշառքի միջնորդության պատրվակով զինծառայողից 1,5 մլն դրամ և 90,000 դրամի խմիչք ստանալու համար
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ս.-ն, պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով, ժամկետային զինծառայողից և վերջինիս մորից ստացել է խոշոր չափերի՝ 1,500,000 ՀՀ դրամ և 90,000 ՀՀ դրամի խմիչք:
Մասնավորապես՝ Երևանի բնակիչ Կ. Պ.-ն 2024 թվականի հունվարին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Ա. Մ.-ին զինվորական հետագա ծառայությունից ազատելու խնդրանքով դիմել է իր ծանոթ Վ. Ս.-ին՝ միաժամանակ տեղեկացնելով, որ հիշյալ հարցը լուծելու համար Ա. Մ.-ն և նրա մայրը պատրաստ են կաշառք տալ:
Տեղեկանալով զինծառայողի և նրա մոր կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին, սակայն իրականում նպատակ չունենալով նշված հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դիտավորությամբ Վ. Ս.-ն Կ. Պ.-ին վստահեցրել է, թե իբր իր ծանոթ պաշտոնատար անձանց 3,000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դիմաց հնարավոր է կազմակերպել Ա. Մ.-ին հետագա զինվորական ծառայությունից ազատելու հարցը:
Ա. Մ.-ն և նրա մայրը, տեղյակ չլինելով Վ. Ս.-ի իրական մտադրության մասին, 2024 թվականի հունվարի 11-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում, Կ. Պ.-ի միջնորդությամբ Վ. Ս.-ին են փոխանցել խոշոր չափերի՝ 1,500,000 ՀՀ դրամ և 90,000 ՀՀ դրամի խմիչք:
Նախաքննության ընթացքում Վ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: