Սատանան փախչում է խաչից՝ ինչպես դուք ճշմարտությունից. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին

Մենք լսում ենք ատելության խոսք այս ամբիոնից, առանց հաշիվ տալու, որ այս ամբիոնն  առաջնային մանդատով օժտված իբրև թե անձանց ամբիոն պետք է լինի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: 

 

«Սուտն ու կեղծիքն այնպես են հորդում այս ամբիոնից քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչների կողմից, որ ուղղակի ապշել կարելի է: Արձանագրեմ, որ չկարողանալով որևէ հիմնավորում ներկայացնել կառավարության հրաժարականի և նոր կառավարության կազմավորման ուղերձի նախագծին, հայտնագործություն են արել: Պարզվում է՝ հանձնաժողովում նիստ են գրանցել ու մեծ բառերով ներկայացնում են, որ պատրաստ էին քննարկել»,- ասաց նա: 

 

«Հայաստան» խմբակցության քարտուղարը շեշտեց՝ առավոտյան իշխանությունն ասում էր, որ իրենց օրակարգում չկա նման հարց: 

 

«Մի քանի ժամանակ է ընդդիմությանը ներկայացնում են մի գնահատական՝ հայդուկներ: Տարբեր բացատրական բառարաններում՝ հայդուկն անձ է, ով պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ: Եթե մենք հայդուկներ ենք, ապա դուք ի՞նչ եք, եթե մենք ձեր դեմ ենք պայքարում»,- նշեց նա: 

Արծվիկ Մինասյանն արձանագրեց՝ անընդհատ ճշմարտության հրապարակման փորձերից՝  ՔՊ-ն և գործադիր իշխանությունը խուսափում են: 

«Սատանան փախչում է խաչից՝ ինչպես դուք ճշմարտությունից: Ճշմարտության հետ պետք է առերեսվել և ճշմարտությունը մեկն է»,- եզրափակեց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.