Երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը. մարզային փուլերին ավելի քան 2,400 աշակերտ է մասնակցել

Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով մայիսի 17-18-ին Դիլիջանի Պարզ լճին հարող տարող տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը:

 

Եզրափակիչ փուլին կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին կմասնակցի 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը:

 

Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել: Նախորդ տարի մրցաշարին 251 դպրոցի 1984 աշակերտ է մասնակցել:

 

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Մասնավորապես՝ առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար (հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն):

Մեկնաբանություններ