Կառավարությունը հաստատեց բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը

ՀՀ կառավարությունը մայիսի 2-ի նիստում հաստատեց բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների պետական օժանդակության ծրագրի վերաբերյալ որոշման նախագիծը։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, որ  2011 թվականին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել էր, որ ուսուցչի նվազագույն կրթական աստիճանը պետք է լինի բարձրագույնը։

 

«Այդ փոփոխությունների անցումային դրույթներով սահմանվեց, որ դպրոցներում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում օրենքի պահանջներին, իրենց մասնագիտական գործունեությունը կարող են շարունակել մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը։ Այնուհետև այս ժամկետը ևս մեկ անգամ երկարաձգվեց մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը։ Այսպիսով՝ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ունեցել են շուրջ 12 տարի օրենքի համապատասխան պահանջն իրագործելու համար»,-ասաց Անդրեասյանը։

 

Նրա խոսքով՝  չնայած 2023 թվականի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումն ու ստացել բարձրագույն կրթություն, բայց համակարգում դեռևս շարունակում են մնալ և դասավանդել առանց  բարձրագույն կրթության ավելի քան 1300 ուսուցիչ։

Օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին աշխատանքը։

Ըստ գերատեսչության ղեկավարի՝  այդ հանգամանքը հաշվի առնելով, որ 2021 թվականից համակարգում ներդրվել է կամավոր ատեստավորման մեխանիզմը, «Հանրակրթության մասին» օրենքում նախորդ տարի  իրականացված փոփոխություններով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին հնարավորություն է տրվել մասնակցել կամավոր ատեստավորմանը և ատեստավորված համարվելու շեմը հաղթահարելու դեպքում շարունակել իրենց աշխատանքը։

Նախորդ տարի կամավոր ատեստավորմանը բարձրագույն կրթություն չունեցող  894 ուսուցիչ է դիմել, որից 354-ն ատեստավորվել է՝ շարունակելով գործունեությունը և ստանալով բարձրացված վարձատրություն։

«Բայց որոշ ուսուցիչներ օրենքի սահմանված չափանիշներին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչական գործունեությունը։ Միաժամանակ պահպանվում է ուսուցչի աշխատանքը վերսկսելու համար օրենսդրությամբ սահմանված երկու եղանակներից որևէ մեկից օգտվելու հնարավորությունը, այսինքն՝ կամ բարձրագույն կրթություն ստանալ, կամ կամավոր ատեստավորման հետագա փուլին մասնակցել և հաղթահարել սահմանված շեմը։

Մեր վերլուծություններն ու այս խմբի մանկավարժների հետ ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ, որպեսզի այս երկու եղանակներից որևէ մեկից օգտվեն, որից մեր մանկավարժները շատ պատրաստակամ են օգտվել, կարիք ունեն աջակցության՝ կամ բարձրագույն կրթության նպատակով ուսման վճարի փոխհատուցման տեսքով կամ կամավոր ատեստավորմանը նախապատրաստելու նպատակով պետության կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու տեսքով»,-ներկայացրեց նախարարը՝ հավելելով, որ նախագծով առաջարկվում է օժանդակության ծրագիր իրականացնել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար, որպեսզի կամ փոխհատուցվեն նրանց բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսման վարձերը, կամ մասնակցության հնարավորություն տրվի վերապատրաստմանը։

Ըստ Անդրեասյանի՝ սա հնարավորություն կտա, որ երկարամյա փորձ ունեցող, ոլորտին նվիրված, համակարգ վերադառնալ ցանկացող, սակայն օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչներին հնարավորություն տրվի սեփական կրթությունը բարելավել, կխրախուսվի նրանց մասնագիտական  զարգացումը և միաժամանակ հնարավոր կլինի համալրել ուսուցչական առկա թափուր տեղերը։ Նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ ավելի քան 150 հոգի ցանկություն է հայտնել բարձրագույն կրթություն ստանալու, իսկ շուրջ 500-ը՝ մասնակցելու  վերապատրաստումներին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես են վճարվելու բուհեր ընդունվածների ուսման վարձերը, Անդրեասյանը պատասխանեց, որ ծրագրի հաստատումից հետո եռամսյա ժամկետ կտրվի դիմում ներկայացնելու համար։

«Դիմելու են բուհ, որտեղից ստացած տվյալներով առաջին կիսամյակի վարձը նրանց ընդունվելու պարագայում փոխանցվելու է, իսկ երկրորդ կիսամյակից սկսած՝ գործելու է ՄՈԳ-ի նվազագույն շեմ, այսինքն՝ ուշադրություն է դարձվելու առաջադիմությանը, որովհետև հետո մեր հարգելի քաղաքացիները պատրաստվում են ուսուցիչ աշխատել, և մենք չենք կարող առանց առաջադիմության գործոնը հաշվի առնելու շարունակել ուղղակի օժանդակություն ցուցաբերել»,-մանրամասնեց ԿԳՄՍ նախարարը։

Վարչապետը նշեց, որ այս քաղաքականությունը ոչ թե նրա համար է, որ ուսուցիչները դուրս մնան համակարգից, այլ, որպեսզի ապահովվի նրանց ինստիտուցիոնալ ներգրավումը։

«Կարծում եմ բոլոր նշված ուսուցիչներին պետք է բոլոր հնարավոր միջոցներով աջակցենք, որպեսզի նրանք և ստեղծված հնարավորություններից կարողանան օգտվել, և նաև մեր երեխաների՝ աշակերտների առաջ մենք արդար լինենք, որպեսզի երաշխավորենք նրանց պատշաճ կրթությունը»,-շեշտեց Փաշինյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.