Ըստ երեկ հրապարակված քարտեզների` այլընտրանքային ճանապարհն անցնելու է գյուղի եկեղեցու և դպրոցի միջով. տավուշցիները փակել են ճանապարհը

Այս պահին Կիրանցի բնակիչների հետ փակել ենք միջպետական ճանապարհը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սուրեն Պոտրոսյանը:

 

Երեկ հրապարակված քարտեզների հիման վրա մասնագետներն այսօր առավոտյան սկսել են գյուղում չափագրումները։ MediaHub-ի լրագրողի հետ զրույցում հայտնել է Կիրանցի մոտ՝ ճանապարհին հավաքված բնակիչներից մեկը։

 

«Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իմ արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանիս տունը, իմ տունը։ Այս ամենը պետք է քանդվի, որ ճանապարհն անցնի։ Թույլ չենք տալու ոչ մի բան», - նշել է ակցիայի մասնակիցը։

 

Սուրեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ ճանապարհը փակած քաղաքացիներին այցելեց մարզպետ Հայկ Ղալումյանը, ով առաջարկեց փակ հանդիպում անցկացնել: Բնակիչների մի մասը մասնակցում է այդ հանդիպմանը, իսկ ճանապարհը շարունակում են փակ պահել և նշել, որ թույլ չեն տալու ոչ մի այլընտրանքային ճանապարհի կառուցում և հանձնում:

Այլընտրանքային ճանապարհն անցնելու է գյուղի դպրոցի և եկեցեցու միջով, եթե գործողությունները սկսեն երեկ հրապարակված քարտեզներով:

Երեկվանից ակցիաներին մասնակցում է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տավուշցի Գառնիկ Դանիելյանը, ինչպես նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը ողջ գիշերն անցկացրել է Բաղանիսում տեղի բնակիչների հետ, իսկ այս պահին գտնվում են Կիրանցում:

Նշենք՝ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Ակցիայի ժամանակ հավաքվել են բնակիչներ Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.