Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուս կատարած պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 17-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին:

 

Հանդիպումը մեկնարկել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրների քննարկմամբ: Անդրադարձ է կատարվել անվտանգային իրավիճակին Արեւելյան Եվրոպայում եւ Հարավային Կովկասում:

 

Ալեն Սիմոնյանը լիտվացի դիվանագետին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով ծրագրի կարեւորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման եւ տարածաշրջանի երկրների համար առեւտրատնտեսական հնարավորություններ ստեղծելու համատեքստում:

 

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն: Նախագծի նպատակն է ինքնիշխանության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքների վրա տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացումը, ինչն էապես կբարելավի թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային իրավիճակը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի վերաբերյալ:
«Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին»,- նշել է Գաբրիելյուս Լանդսբերգիսը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը, մասնավորապես՝ պաշտպանական եւ առեւտրատնտեսական ոլորտներում:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.