Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը. Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ շարունակել իր պաշտպանական գործողությունները, սակայն ցանկացած նոր ագրեսիայի դեպքում կպաշտպանի իրեն։

«Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ», - գրել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը X-ում:

«Այս պահին Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում նա չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից», - գրել է նա:

Բացի այդ, նա հայտնել է, որ Իրանը հարձակման ընթացքում ոչ մի բնակեցված վայր չի թիրախավորել:

 

ԱԳ նախարարը Թեհրանում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակը ընդծել է, որ
Իրանի գործողությունները սահմանափակ էին և ուղղված էին ռեժիմին պատժելուն։

«Այս գործողության ընթացքում Իրանի զինված ուժերը ճշգրիտ հաշվարկներով և անօդաչու թռչող սարքերի ու կառավարվող հրթիռների միջոցով թիրախավորել են ռազմաբազան, որտեղ պահվում են F-35 ինքնաթիռները», - նշել է նա։

Իրանը շաբաթ գիշերը իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթահայուի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակnւմն անհաջող էր և որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:

 

Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի:

«Հետևելով մեր երկրի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողությանը՝ ապրիլի 13-ի ռազմական հարձակմանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական և քաղաքական հատվածների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն», - ասել է Իրանի նախագահը:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:

«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», - նախազգուշացրել է Բաղերին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.