Եթե ծառերի փոխարինման ծրագրի հետ կապված կան գիտական հակափաստարկներ, պատրաստ ենք լսել․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ պատրաստ են լսել ծառերի փոխարինման ծրագրի վերաբերյալ գիտական ցանկացած առաջարկ, եթե այդպիսիք կան։ Ավինյանի խոսքով՝ եթե չկան գիտական առաջարկներ, քաղաքից այդ ժամանակը պետք չէ խլել, և ծառերի փոխարինման ծրագիրը պետք է շարունակվի։

 

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանը հիշեցրեց, որ նախորդ շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ժամանակավորապես դադարեցնում են ծառերի փոխարինման ծրագիրը։ «Մենք ակնկալում էինք, որ որոշակի գիտական շրջանակներից պետք է ստանանք որևէ հիմնավոր փաստաթուղթ, որը նվազագույնը հարցականի տակ կդներ նախորդ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթը, և գոնե որոշակի դեբատ կլիներ»,- ասաց Ավինյանը և հետաքրքրվեց՝ արդյոք որևէ գիտական առաջարկ ստացել ե՞ն այս առնչությամբ։

 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշեց, որ որևէ նորություն չկա, որևէ մեկը գիտնականների կողմից որևէ հակափաստարկ չի ներկայացրել։ «Ավելին՝ Գիտությունների ազգային ակադեմիայում նախաձեռնվել էր քննարկում, որին մասնակցել են տարբեր շահագրգիռ գերատեսչություններ։ Հիմնական միտքը, որ հնչեցվել է այնտեղ այն էր, որ Երևանից թեղիները պետք է հանվեն։ Քննարկման հիմնական մեխն այն էր, որ թեղիները սպառել են իրենց, Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն եղել, Երևան են բերվել հեշտ ու արագ լուծում տալու համար և դրանք պետք է փոխարինվեն հետագա տարիների ընթացքում։  Հարկ եմ համարում նշել, որ այդ փոխարինումը կտևի առնվազն 10-20 տարի՝ հաշվի առնելով Երևանում թեղիների մեծ քանակությունը»,- ասաց Բեգոյանը։

 

Նա նաև հավելեց, որ Գիտությունների ազգային ակադեմիան մինչ այս պահը խնդիրը չի հետազոտել՝ շեշտելով, որ իրականում շատ վատ է, որ մինչև հիմա հետազոտություն չի արվել, որովհետև խնդիրը 2000 թվականից «կախված է Երևանի գլխին»։

Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ խնդրի վերաբերյալ տարբեր քննարկումները հանգեցրել են 2023 թվականի փետրվարին կայացած մի աշխատաժողովի, որի ավարտին 24 գիտնականներ փաստաթուղթ են ընդունել, որում պնդում են, որ Երևանի կանաչ տնկարկները լիարժեք չեն կատարում քաղաքային միջավայրին անհրաժեշտ էկոհամակարգային ծառայությունները՝ սանիտարական, էկոլոգիական և գեղագիտական։ Փաստաթղթում գիտնականներն արձանագրել են, որ Երևան համայնքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում գլխավոր և երկրորդական փողոցներում առկա են դեֆորմացված և կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառեր, որոնք կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը։

«Խնդրում եմ այս փաստաթուղթը հրապարակել ևս մեկ անգամ։ Եթե կա գիտական դեբատ այս փաստաթղթի հետ կապված, քննարկումների ևս մեկ շրջափուլ անցկացնենք, հասկանանք, միգուցե, կան որոշակի ճշմարտություններ, որ բաց ենք թողել։ Բայց, որպեսզի այս խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, պետք է լինի գիտական մյուս կողմը, որն այլ բան է պնդում։ Եթե գիտական մյուս կողմը չկա, այս խոսակցությունը էմոցիոնալ ու սիրողական բնույթ է կրելու։ Եթե կա գիտական մեկ այլ տեսակետ, մենք պատրաստ ենք դա լսել, եթե չկա, քաղաքից այդ ժամանակը պետք չէ խլել»,- եզրափակեց Երևանի քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանը ծառերի փոխարինման ծրագիրը սկսել էր իրականացնել մայրաքաղաքի կենտրոնից, ինչն առաջացրել էր էկոակտիվիստների դժգոհությունը։ Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնող էկոակտիվիստների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել էր, որ ժամանակավորապես կդադարեցնեն ծառերի փոխարինման ծրագիրը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.