Մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը և այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար. Փաշինյան

Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը հանդես են եկել հայտարարություններով:

 

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

 

«Շնորհակալություն այս բարձր մակարդակի հանդիպումը հրավիրելու համար՝ վերահաստատելու մեր հավաքական հանձնառությունն ինքնիշխան, դիմակայուն և բարգավաճ Հայաստանին: Այս միջոցառումն ընդգծում է Հայաստանի հավատարմությունը մեր ընդհանուր արժեքներին և ավելի հաշվետու և քաղաքացիակենտրոն հանրային հաստատություններ ստեղծելու ցանկությունը, որոնք օգուտ կբերեն մեր ժողովրդին:

 

Այսօրվա բարձր մակարդակի երկխոսությունը նշանակում է Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։

Չնայած բազմաթիվ ճգնաժամերին՝ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ապահովման ուղղությամբ։ Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության և հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար։

Հիմնվելով մեր արդյունավետ քաղաքական համագործակցության վրա՝ ճիշտ ժամանակն է առաջ մղել մեր տնտեսական համագործակցությունը, խթանել առևտուրը և ընդլայնել մեր գործընկերությունը շարժունակության ոլորտում: Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին, մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը և այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր և ուսումնասիրել առևտրի դյուրացման հնարավոր սխեմաները»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.