Դամասկոսում կատարվածից հետո Թեհրանը «կարևոր ուղերձ» է փոխանցել ԱՄՆ-ին. Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը «կարևոր ուղերձ» է փոխանցել ԱՄՆ-ին՝ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի մահացու հարձակումից հետո:

Հարձակման հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի յոթ անդամ, այդ թվում՝ երկու բարձրաստիճան հրամանատար, հայտնել է ԻՀՊԿ-ն:

X-ում արված գրառման մեջ արտգործնախարար Հոսեյն Ամիր ԱբդոլլահԻանը հայտնել է, որ Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատան պաշտոնյան, որը միջնորդ է հանդիսանում Իրանում ԱՄՆ շահերի համար, արտաքին գործերի նախարարություն է կանչվել, «ընդգծվել է ամերիկյան կառավարության պատասխանատվությունն այս հարցում»։

«Հանդիպմանը կարևոր ուղերձ է հղվել ամերիկյան կառավարությանը՝ որպես սիոնիստական ռեժիմի աջակից: Ամերիկան պետք է պատասխանատվության ենթարկվի»,- հավելել է Աբդոլլահիանը ՝ չճշգրտելով ուղերձի բովանդակությունը։

Այս մասին գրում է Al Arabiya-ն՝ նկատելով, որ վերջին տարիներին Սիրիայում Իրանի հետ կապված թիրախներին հաճախակի ավիահարվածներ հասցնող Իսրայելը սովորության համաձայն պահպանել է լռությունը՝ զերծ մնալով հրապարակային մեկնաբանություններից, ինչպես դա սովորաբար անում է Սիրիայում իր գործողությունների վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում Իսրայելին վճռական պատասխան տալու Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար, ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության նամակում՝ ուղղված կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին։

 

Փաստաթուղթը կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը դնում է Իսրայելի վրա:

 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը վերապահում է իր օրինական, անօտարելի իրավունքը՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում՝ վճռական պատասխան տալու նման դատապարտելի արարքին»,- ասվում է տեքստում։

 

Իրանը նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին «խստորեն» դատապարտել Իսրայելի հարձակումը Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա և միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու համար։

Իրանցի դիվանագետների կարծիքով՝ Անվտանգության խորհրդի միջոցառումները պետք է ուղղված լինեն այս հանցագործության մեղավորներին անհապաղ պատասխանատվության ենթարկելուն։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակումները որակել է միջազգային բոլոր պարտավորությունների և կոնվենցիաների խախտում: Աբդոլլահիանը նշել է, որ անհրաժեշտ է «միջազգային հանրության կոշտ արձագանքը նման հանցավոր գործողություններին»։

Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Telegram ալիքում, Մոսկվան խնդրել է Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել հարձակման վերաբերյալ։ Այն նախատեսված է ապրիլի 2-ին ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին):

Երկուշաբթի օրը Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, էլիտար զորամաս) հաստատել է, որ իր երկու գեներալները և ԻՀՊԿ-ի հինգ այլ սպաներ սպանվել են հարվածի հետևանքով:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում անձամբ պատասխանել Իսրայելի օդային հարվածին։ Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարին նույնպես վճռական պատասխան է խոստացել Իսրայելի գործողություններին։

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը՝ ընդգծելով, որ դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա ցանկացած հարձակում, որի անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով, անընդունելի է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.