Արդյոք Փաշինյանն ազդվել է Մակրոնի խոսքերից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեեւ կանադահայ Մասիս Աբրահամյանի եւ ֆրանսահայ Մուրադ Փափազյանի հայցադիմումները վարչական դատարանը նույն օրն է բավարարել, եւ նրանք երկուսն էլ Հայ հեղափոխական դաշնակցության անդամներ են, սակայն Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի պաշտպան Սիրանուշ Սահակյանը դեռեւս միայն Աբրահամյանի օգտին կայացված վճռի վերաբերյալ ԱԱԾ բողոքի մասին ունի տեղեկություն, այսինքն՝ ԱԱԾ-ն Մասիս Աբրահամյանի մասով բողոքարկել է, իսկ Մուրադ Փափազյանի մասով՝ դեռեւս հայտնի չէ։ Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը մի խումբ սփյուռքահայ դաշնակցականների, այդ թվում՝ Մասիս Աբրահամյանին, նրա դուստր Սյունե Աբրահամյանին եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի փոխնախագահ Մուրադ Փափազյանին ճանաչել էր «պերսոնա նոն գրատա», այսինքն՝ Հայաստանի համար անցանկալի անձինք, եւ նրանց «Զվարթնոց» օդանավակայանից ԱԱԾ-ն արգելել էր մուտք գործել Հայաստան: 2 տարի տեւած դատաքննությունից հետո վարչական դատարանը գտել էր, որ ԱԱԾ-ն որեւէ հիմնավորում չի ներկայացրել դատարան, հետեւաբար՝ դատարանը բավարարել էր հայցվորների պահանջը՝ ԱԱԾ-ին պարտավորեցնելով նրանց տվյալները հանել ՀՀ-ի համար անցանկալի անձանց տվյալների բանկից։

 

Ավելին՝ օրերս «Հրապարակի» հետ զրույցում Մուրադ Փափազյանը պատմել էր, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ «ցեխը կոխել» Փաշինյանին՝ ասելով, որ իր՝ Հայաստան մուտքն արգելելն անընդունելի է ու պառակտում է Հայաստան-սփյուռք հարաբերությունները։ Փափազյանը նաեւ պատմել էր մեզ, որ Մակրոնը Փաշինյանի հետ առանձնազրույց է ունեցել ու բարկացել է նրա վրա, ինչից հետո Փաշինյանն ասել է, որ ԱԱԾ-ին կասի, որ հօգուտ Փափազյանի կայացրած դատական ակտն ԱԱԾ-ն չբողոքարկի։

 

Մենք նախ ԱԱԾ-ից փորձեցինք պարզել, թե արդյոք բողոքարկե՞լ են Փափազյանի վերաբերյալ դատարանի որոշումը, սակայն ԱԱԾ-ն, ողջ օրը չիմանալով, թե ինչ պատասխանի, գրավոր հարցում խնդրեց այս՝ «այո» կամ «ոչ» պատասխան ենթադրող պարզ հարցադրմանը պատասխանելու համար, որպեսզի, հավանաբար, եւս 5 օր շահեն։

 

Զրուցեցինք Մուրադ Փափազյանի շահերը վարչական դատարանում ներկայացրած փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ: Նա ասաց, որ այս պահին միայն Մասիս Աբրահամյանի գործով ԱԱԾ բողոքի մասին է իրեն հայտնի․ «Այո, վճիռները նույն օրն են կայացվել, ուղարկվել ԱԱԾ, պարզապես, նաեւ հաշվի առնելով, որ փոստային առաքանու մաս կա, ես այս պահին չեմ կարող պնդում անել, որ ԱԱԾ-ն նույն օրն է ստացել, ուստի ժամկետը նույն պահից է հաշվարկվել, բայց այդ ժամանակային խզումն առնվազն պետք է փոքր լինի, կամ ողջամտորեն կարող ենք մտածել նույն օրը ստացած լինելու վերաբերյալ։ Բոլոր դեպքերում, 1-2 օրվա ընթացքում այդ ժամկետը սպառվելու է, եւ եթե չստանանք, ապա կարող ենք հաստատել բողոք ներկայացրած չլինելը։ Այս պահին միայն Մասիս Աբրահամյանի գործով բողոքի ներկայացման փաստն է ինձ հայտնի, դա կարող եմ հաստատել, իսկ մյուս մասով սպասենք»»։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Մեկնաբանություններ
Լրահոս