Փաշինյանը Փարիզում կմասնակցի Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը. L' Humanité

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում փետրվարի 21-ին կմասնակցի ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանսիական L' Humanité պարբերականը:

 

«Արարողությունը տեղի կունենա վաղը` փետրվարի 21-ին՝ Մանուշյանի գնդակահարությունից 80 տարի անց»,- ասված է պարբերականում:

 

Ըստ աղբյուրի՝ պանթեոնում հուղարկավորվելու է նաև Մանուշյանի կինը՝ Մելինե Մանուշյանը, ով նույնպես դիմադրության մասնակիցներից է եղել:

 

Հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եղել է եվրոպական ներգաղթյալներից, այդ թվում մեծաթիվ հրեաներից կազմված խմբավորման ղեկավար, որն իրականացրել է դիվերսիաներ ընդդեմ նացիստների:

Կարծիք կա, որ Մանուշյանի խումբը եղել է ամենաակտիվը Ֆրանսիական դիմադրության շարժման ընթացքում։ Մանուշյանն ու նրա ընկերներից շատերը ձերբակալվել են 1943 թվականի նոյեմբերին և 1944 թվականի փետրվարի 21-ին մահապատժի ենթարկվել նացիստների կողմից: Նա ճանաչվել է Ֆրանսիական դիմադրության շարժման հերոս:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.