Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է․ Արթուր Թովմասյան

Որպեսզի մենք իրականում միշտ տաք պահենք Արցախի թեման, պետք է ունենանք հզոր Հայաստան և հզոր Սփյուռք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը։

 

Նրա կարծիքով՝ այսօր ավելի քան անհրաժեշտ է Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ամուր կապը։

 

Արցախի ԱԺ նախկին նախագահի խոսքով՝ իրենք չեն կարող ինքնալուծարվել, ոչ ոք Արցախը լուծարելու իրավունք չունի, մինչև 2025 թվականի մայիսի 21-ը ԱԺ-ն գործելու է։ Նա նշեց, որ Ազգային ժողովը գործելու է, թեկուզ օրենքներ չեն ընդունելու, բայց որոշումներ, հայտարարություններ լինելու են։

 

«Մենք ունենք երկու ճանապարհ․ մեկը հայրենասիրությունն է, մյուսը՝ ներկա իրողությունները։ Կարծում եմ, որ ներկա իրողություններով պետք է առաջնորդվենք, որպեսզի վնաս չհասցնենք Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին»,- ընդգծեց Թովմասյանը։

Արցախահայության՝ Արցախ վերադարձի վերաբերյալ էլ Արթուր Թովմասյանն ասաց, թե միջազգային երաշխիքներ են պետք դրա համար, քանի որ անվտանգության հարցեր կան։

Նա հայտարարեց, որ արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացիներ, դա անհնար է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.