Հայաստանը չի մերժում ՌԴ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, սակայն աշխատում ենք հարաբերություններ հաստատել նաև ԵՄ-ի հետ. Փաշինյան

Հայաստանը չի ժխտում և մերժում Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը, մենք պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները:

 

Այս մասին բրիտանական The Telegrap-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը:

 

«Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք սա նշանակում է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ:

 

Ոչ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք և պատրաստ ենք, և քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Ֆրանսիայի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Միացյալ նահանգների հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Հնդկաստանի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք:

Նույն Միացյալ նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ»,-նշել է վարչապետը:

Երկրի ղեկավարը նշեց, որ դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները:

«ՆԱՏՕ-ի հետ կապված մեր օրակարգում այդպիսի հարց չունենք: Այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա: Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի ենթադրում անդամակցություն:

Մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, և ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ ավելի ճիշտ Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով», - նշել է նա։

Հարցին, թե Ձաշինյանը ասում է, որ Ռուսաստանին մեջքով չի շրջվում։ Բայց դա այսօրվա աշխարհում իրատեսական չէ։ Այն երկրները, որոնք նա նշեց՝ սերտ կապերը Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, ԵՄ-ի հետ, նրանք լրջագույն աշխարհաքաղաքական առճակատման մեջ են Ռուսաստանի հետ։ Իրականում պետք է ընտրություն կատարեք, այդպես չէ՞, Փաշինյանը պատասխանեց. 

«Դեռ Ուկրաինայի պատերազմը նոր էր սկսվել, ես կարծեմ Չեխիայի CNN-ին հարցազրույց տալով ասացի, որ Ուկրաինայի հարցում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, և դա իրողություն է: Բայց նաև ուզում եմ ասել, որ  Միացյալ Նահանգների կամ Ֆրանսիայի, կամ մեր մյուս գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ուղղված չէ անվտանգային ոլորտում մեր մյուս գործընկերոջ դեմ: Այլ բան, որ մեր գործընկերներն իրենք ունեն մտավախություններ, թե նրանց հետ համագործակցությունն ինչպե՞ս կարող է ազդել իրենց անվտանգային համակարգերի վրա: Մենք փորձում ենք այդ հարցը կառավարել մեր գործընկերների հետ իրենց համատեղ օրակարգի մասով՝ լինելով մաքսիմալ թափանցիկ»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.