2024-ի հունվարը ռեկորդային տաք է եղել

Դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում 2024 թ․ հունվարը ռեկորդային տաք է եղել, որի պատճառը գիտնականները համարում են կլիմայի փոփոխությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

 

Նշվում է, որ Կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության տվյալներով՝ անցյալ ամիսը գերազանցել է նախորդ ամենատաք հունվարի ռեկորդը, որը գրանցվել էր 2020 թվականին։

 

Ի դեպ, 2023 թվականը ճանաչվել էր մոլորակի ամենաշոգ տարին 1850 թվականից դիտարկումները սկսելուց ի վեր։

 

2023 թ․ հունիսից սկսած՝ յուրաքանչյուր ամիս դառնում է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ամենատաքը։

«Բացի նրանից, որ սա երբևէ գրանցված ամենատաք հունվարն է, մենք նաև ունեցել ենք 12-ամսյա ժամանակահատված, որի ընթացքում ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանով գերազանցել է մինչարդյունաբերական մակարդակը», - հայտնել է Կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության տնօրեն Սամանթա Բերջեսը։

2015 թվականին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շրջանակներում երկրները պայմանավորվել են փորձել թույլ չտալ, որ գլոբալ տաքացումը գերազանցի ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանը։ Չնայած 12 ամսվա ընթացքում ջերմաստիճանը գերազանցել է 1,5 աստիճանը, սակայն այն դեռ չի հատել Փարիզի համաձայնագրի նպատակակետը, որը հաշվի է առնում մոլորակի միջին ջերմաստիճանը մի քանի տասնամյակի ընթացքում։

Որոշ գիտնականներ համարում են, որ այս նպատակակետին հասնելն արդեն իրատեսական չէ, սակայն նրանք նաև կոչ են արել ավելի արագ գործել ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել ավելի վատ հետևանքներից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.