Ինչ է խորհրդանշում Ծաղկազարդը և երբ կտոնվի այս տարի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի մարտի 26ին է տոնում Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը։

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին։ Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:

 

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա։ Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը:

 
 

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

 
 

Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:

 

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.