2024-25-ի ձմեռը հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ դարձել է ամենաչորը՝ սկսած 1935-ից. Ազիզյան

2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55 մմ, որը նորմայի 49 տոկոսն է: 2024-2025 թվականի ձմեռը դարձել է ամենաչորը հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում՝ սկսած 1935 թվականից: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Ձմռան երեք ամիսները չորային են եղել, հատկապես չորային է եղել հունվարը, երբ ամսական տեղումները նորմայի 18 տոկոսն են կազմել: Այն երկրորդ չոր հունվարն է հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում 1999 թվականից հետո: Դեկտեմբերին և փետրվարին ամսական տեղումների քանակը կազմել է նորմայի համապատասխանաբար 45 և 70 տոկոսը: Մի շարք կայաններում 30-40 օր անընդմեջ ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել»,- ասաց նա:
Գետավազաններում կուտակված ձյան պաշարները, ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի, վարարումների ժամանակաշրջանում կձևավորեն նորմայից բացասական շեղումով հոսքի ծավալներ:
«Ապրիլի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սանտիմետրով: Այս ցուցանիշը մոտ 13 սմ-ով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում լճի մակարդակը բարձրացել է 42 սմ-ով»,- ասաց նա: