ՀՀ ՊԵԿ-ը պարզաբանել է անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հաճախ տրվող հարցերը

1․Անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս, ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարություն

 

Եթե քաղաքացին ունի վարձակալությամբ տրված անշարժ գույք և այն չի ստացել պետական գրանցում, ապա հարկային վարչարարությունից խուսափելու նպատակով պետք է ներկայացնել հայտարարություն։ Մինչ դեկտեմբերի 1-ը ծագած վարձակալական գործարքների մասով հարկային մարմին հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 1-ը, իսկ դեկտեմբերի 1-ից հետո ծագած վարձակալական գործարքների մասով՝ գույքը փաստացի վարձակալության հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում:

 

2․Ինչպե՞ս հարկային մարմին ներկայացնել հայտարարություն

 

Անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելու համար կարող եք այցելել ցանկացած սպասարկման սրահ՝ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր կամ նույնականացման քարտ) և հանրային ծառայության համարանիշով (ՀԾՀ): Եթե դեռ հաշվառված չեք հարկային մարմնում և չունեք հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), ապա կտրամադրի ՀՎՀՀ, որից հետո կարող եք ներկայացնել հայտարարությունը:

3․Ինչպե՞ս ներկայացնել հայտարարությունը, եթե չեք կարող այցելել սպասարկման սրահ

Եթե չեք կարող անձամբ ներկայանալ սպասարկման սրահ, ապա կարող եք Էլեկտրոնային հարցումների միասնական www.e-request.am հարթակի միջոցով առաջին քայլով ուղարկել լրացված և ստորագրված դիմում ՀՎՀՀ ստանալու համար (Ձև 1) և կցել անձը հաստատող փաստաթղթի պատճենը և ՀԾՀ-ն: Այնուհետև, մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո նույն հարթակի միջոցով հայտարարությունը կարող եք ներկայացնել ՝ կցելով լրացված, ստորագրված դիմում (Ձև 2) և հայտարարություն (Ձև 3):

4․Ինչպե՞ս ներկայացնել հայտարարությունը, եթե Հայաստանում անշարժ գույքը հանձնել եք վարձակալության և բնակվում եք արտերկրում

Եթե գտնվում եք արտերկրում և չեք հանդիսանում ՀՀ ռեզիդենտ քաղաքացի, ապա www.e-request.am համակարգի միջոցով անհրաժեշտ է ուղարկել ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համար ստանալու դիմումը (Ձև 4) և կցել անձը հաստատող փաստաթուղթ: Ապա մեկ աշխատանքային օրվա ընթացքում Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի ՀՎՀՀ-ն, որից հետո հայտարարությունը կարող եք ներկայացնել նույն հարթակի միջոցով՝ կցելով լրացված, ստորագրված դիմում (Ձև 2) և հայտարարություն                  (Ձև 3):

5․Ե՞րբ և ինչպե՞ս պետք է վճարել եկամտային հարկը

2023 թվականի համար վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկը վճարելու նպատակով հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով  պետք է ներկայացնել մինչև 2024 թվականի մայիսի 1-ը (ընթացակարգի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.