Կոմիտասի պողոտայում բախվել են Audi-ն և Ваз 2101-ը. վարորդի ծնողները զոհվել են, բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմանում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում՝ Րաֆֆու անվան դպրոցի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 27-ամյա Վարդան Ա.-ի վարած Audi մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Լևոն Խ.-ի վարած Ваз 2101 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 01-ի վարորդը, նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, 62-ամյա Աննա Խ․-ն ու 66-ամյա Կամո Խ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ Աննա Խ.-ն՝ Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Կամո և Լևոն Խ․-երը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փրկարարները վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնը:

Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Աննա Խ.-ն գիտակցության չգալով մահացել է: Կարճ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորներից Կամո Խ․-ն ևս գիտակցության չգալով մահացել է: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Վարորդները ենթակվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները 01-ի վարորդի ծնողներն են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.