Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները ներկայացվել են ՄԱԿ–ի հատուկ զեկուցողին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներն ու ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը ներկայացվել են ՄԱԿ ներկայացուցիչներին։

 
 

Այս ծրագրերը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացրել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռների կատարման ընթացքին:

 
 

«Այս համատեքստում արդարադատության նախարարի տեղակալն ընդգծել է, որ 2023 թ. ընդունված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023–2025 թթ. գործողությունների ծրագրով նախատեսված են կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված ՄԻԵԴ վճիռներով բարձրացված ինստիտուցիոնալ խնդիրների հասցեագրմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելմանը, ապօրինի գույքի բռնագանձման ընթացակարգերին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին, այդ թվում խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կանխարգելմանը և գործերի արդյունավետ քննությանը, ինչպես նաև ներկայացվել են դատաիրավական և քրեական արդարադատության ոլորտների բարելավմանն ուղղված ընթացիկ միջոցառումները։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ ուղղված մարդու իրավունքների խախտումների վերացմանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.