Արարատի մարզում ոչ սթափ վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա հեծանվորդին. տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Ա.-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մանազար Մ.-ին:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով «Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել մահացածի հարազատները, ովքեր փնտրում էին վարորդին, սակայն ոստիկանների գործունեությունների շնորհիվ հնարավոր է եղել վարորդին մեկուսացնել դեպքի վայրից, հակառակ դեպքում մահացածի համար դեպքի վայր ժամանածները սպառում էին հաշվեհարդար տեսնել։

Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր հեծանվորդի ծննդյան օրն էր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.