Ադրբեջանը Թուրքիայի հետ անում է ամեն բան, որ լիարժեք ասիմիլացնի տարածաշրջանի բոլոր բնիկ՝ ոչ թյուրքական ժողովուրդներին․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է․

«Հայկական իրականությունում (Հայաստանում և Սփյուռքում) վերջին շրջանում ակտիվորեն տարածվում է այն թեզը, որ «իրականում Հայաստանի ու Թուրքիայի մեջ ոչ մի էական խնդիր չկա։ Առկա կոնֆլիկտի պատճառը

 

 

ա) հայերի ունեցած ծավալապաշտությունն է դեպի թուրքերի տարածք և

 

բ) արտաքին ուժերի (հատկապես՝ Ռուսաստանի) խառնակչությունը։

 

Նման պնդումները առաջիկա ամիսներին լինելու են էլ ավելի հաճախակի։

 

Հայ-թուրքական հակամարտության այսպիսի մեկնաբանությունը ոչ միայն հակագիտական է և հակասում է իրականությանը, այլև հեշտ ապացուցելի է հակառակը։

 

Եվ այս մասին շուտով ավելի հանգամանալից կգրեմ։

 

Մինչ այդ մի օրինակ այն բանի, որ տարածաշրջանում թուրքական ծավալապաշտությունն ուղղված է բոլորի դեմ, այլ ոչ թե միայն հայերի (ինչը վերոնշյալ հիմնավորման առանցքային «փաստերից է»)։

 

Այսպես, եթե օկուպացված հայկական Շուշին հայտարարվել է Թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ապա Ադրբեջանի պետությունում ապրող ամենամեծ տեղաբնիկ ժողովուրդներից մեկը՝ իրանալեզու թալիշների գլխավոր կենտրոններից Լենքորանը, այս տարի հայտարարվել է Թյուրքական աշխարհի երիտասարդական մայրաքաղաք։ Ադրբեջանը Թուրքիայի հետ անում է ամեն բան, որպեսզի լիարժեք ասիմիլացնի տարածաշրջանի բոլոր բնիկ՝ ոչ թյուրքական ժողովուրդներին կամ դրանց մղի դուրս։

 

Այլ կերպ ասած՝ թյուրքական ծալավապաշտությունը ոչ թե բխում է այս կամ այն ժողովրդի՝ թուրքերի հանդեպ տածած վերաբերմունքից, այլ Թուրքիայի և վերջինիս կցորդ Ադրբեջանի՝ մեր տարածաշրջանում ունեցած աշխարհաքաղաքական բնական մղումներից։

 

Իսկ այդ մղումներին ընդառաջ ցանկացած զիջում ավելի անխուսափելի է դարձնում հաջորդ զիջման պարտադրանքը։

 

Քարտեզում թալիշական միավորներից մեկն է՝ Թալիշական խանությունը»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.