Սամվել Շահրամանյանը կհրավիրվի 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Լեռնային Ղարաբաղն ընդամենը տասը օր ղեկավարած Սամվել Շահրամանյանը կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով:

 

«Ազատության» հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց՝ ցանկանում էին հանձնաժողով հրավիրել Արցախի նախկին  նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին, բայց Արցախի նախկին նախագահը Բաքվի բանտում է, իսկ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեպքում, իշխանական պատգամավորի պնդմամբ, խոչընդոտը նրա քրեական գործն է։

 

Մեղադրյալ լինելու հանգամանքը, սակայն, չխանգարեց, որ ամիսներ առաջ հանձնաժողովը նիստին հրավիրեր պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ղեկավարած Դավիթ Տոնոյանին։

 

Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ քննարկել և որոշել են Ջալալ Հարությունյանի և Արայիկ Հարությունյանի փոխարեն մի շարք հարցերի պատասխաններ ստանալ Արցախի վերջին նախագահից:

«Ենթադրում եմ, որ ինքը ինչ-որ բաներ հասցրած կլիներ ծանոթացած լիներ, նաև 44-օրյա պատերազմի դրվագներին առնչվող:

Առավել ևս երբ որ պարոն Շահրամանյանը նաև 2018-ից 2020 թվականներին եղել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը։ Դա ի՞նչ է նշանակում, որ մեր այն հատվածը՝ կապված պետական դավաճանության, դիվերսանտների և նրանց գոյության մասին, նաև պատերազմի մինչև սկսվելը տեղեկատվության հետ կապված հարցերի պատասխանները մենք, բնականաբար, կուզեինք լսել պարոն Շահրամանյանից», - ասաց նա:

Սամվել Շահրամանյանը որպես Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն պաշտոնավարել է 2018 թվականից մինչև 2020 թվականի մայիսը:

Դրանից հետո նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։ Իսկ պատերազմից մեկ տարի անց եղել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Հանձնաժողովի անդամները Շահրամանյանին հարցեր ունեն՝ նաև որպես ԱԱԾ պետի։ Նա, սակայն, պատերազմի ժամանակ արդեն Արցախի ԱԱԾ տնօրենը չէր։

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ենթադրում եմ, պետք է տիրապետի մի տեղեկատվության հակառակորդի հնարավոր գործողությունների վերաբերվող», - շեշտեց Քոչարյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.