Հայաստանի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 361 բուժառու, վերակենդանցաման բաժանմունքներում գտնվում են 10 երեխա

Այս պահին 13 շտապգնության բրիգադներ ուևորվել են Ստեփանակերտ և պատրաստվում են բոլոր այն անձանց, ովքեր ունենք հենաշարժողական խնդիրներ, անկողնային հիվանդներին և մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ իրենց վիճակից, միասնական ուժերով, բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատելով տարհանել և բերել ՀՀ:

 

Այս մասին այսօր Կառավարության հումանիտար կենտրոնի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

Նշենք, որ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը նշել էր, որ այս պահին Ստեփանակերում է գտնվում 15 անձ, որոնք հենաշարժողական խնդիրների պատճառով չէին տեղափոխվել Հայաստան:

 

«ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում մեծաթիվ հայրենակիցներ: Այս պահի դրությամբ 361 պացիենտ ունենք, որոնցից 221-ը պայթունից ստացած վնասվածքներով են և 114-ը ռազմական ագրեսիայի հետևանքով տարբեր վիրավորում ստացած անձինք։ Մնացած 26-ն արդեն առողջական այլ խնդիրներով պացիենտներ են:

Այս ամբողջ ընթացքում մենք ունեցել ենք 14 մահ, դրանք թե՛ տեղափոխման ընթացքում, թե՛ բժշկական հաստատությունում գրանցած մահեր են: Դեռ մեծաթիվ պացիենտների վիճակը մնում է ծայրահեղ ծանր և ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նաև նշել է, որ այս պահին վերակենդանցաման բաժանմունքներում գտնվում են 10 երեխա, որոնց թվում կան և՛ պայթյունից տուժածներ, և՛ մարտական գործողությունների հետևանքով։ 2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն։ Մեկ երեխայի մոտ կա դրական դինամիկա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.