Խաղաղապահները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին մոտ 12 տոննա մթերք ու վառելիք են բաժանել տեղահանվող արցախցիներին (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ-Գորիս ավոտոճանապարհին մոտ 12 տոննա մթերք ու վառելիք են բաժանել Արցախից բռնի տեղահանվող բնակիչներին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է խաղաղապահների թելեգրամյան ալիքում:

Նշենք, որ ժամը 06:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 84,770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման մասին: Ըստ հրամանագրի՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարվելու են բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

Մինչդեռ Արցախի բնակչությունը, ներառյալ հանրապետությունից դուրս գտնվողները, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո պետք է ծանոթանան Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին` ապագայում Արցախում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից անմիջապես հետո։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.