Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր․ Ավանեսյան

Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր։

 

Այս մասին Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից, մեծահասակ մարդկանց մահ: Գիտեք՝ բռնի տեղահանումը նաև ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք մենք այսօր. հյուծված, մի քանի ժամվա ընթացքում թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղեր չունենալով՝ ընկել են ճանապարհ և 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին՝ խցանման մեջ, և նման հետևանքներն այս պարագայում անխուսափելի են»,- նշեց նախարարը։

 

ԼՂ-ում պայթյունից տուժածների վերաբերյալ Ավանեսյանը հայտնեց, որ ընդհանուր առմամբ 140-ից ավելի պացիենտներ տեղափոխվել էին ԲԿ-ներ միայն այրվածքներով:

 

«Հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է, և մենք ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ, բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար:

Միասնական կերպով մենք ապահովում ենք նրանց հնարավոր բոլոր բուժօգնության համար անհրաժեշտ թե՛ դեղորայքը, թե՛ բժշկական նշանակության ապրանքներ: Բոլորիս մաղթանքն է, որ օր առաջ ապաքինվեն: Գիտեք, որ այրվածքները երկար վերականգնման շրջան են ունենալու: Այդ ամբողջ ընթացքը մենք պլաստիկ վիրաբույժների և այլ անհրաժեշտ մասնագետների օգնությամբ ապահովելու ենք»,- մանրամասնեց առողջապահական գերատեսչության ղեկավարը։

Նա կարևորեց, որ արցախցիներն իրենց առաջին բնակեցման տեղում պոլիկլինիկաներ կամ ամբուլատորիաներ դիմեն և այնտեղից շարունակեն իրենց բժշկական ծառայությունները ստանալը՝ թե՛ դեղորայքի, թե՛ ամբուլատոր ծառայություններ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.