Մեր հայրենակիցների ընդունման և մեքենաների շարժի հետ կապված գործընթացը կառավարելի է․ Վարդան Սարգսյան

Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք գործած մեր հայրենակիցների հոսքը երեկվա դրությամբ ավելացել է:

 

Այս մասինին «Լուրերի» եթերում հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

 

Չնայած հոսքի ավելացմանը, Սարգսյանի հավաստիացմամբ՝ քաղաքացիների ընդունման և մեքենաների շարժի հետ կապված ընդհանուր գործընթացը կառավարելի է:

«Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանը մշտական ռեժիմով դիմավորում է քաղաքացիներին: Անհրաժեշտ գրանցումը և անհրաժեշտ գործընթացները տեղում կատարվում են։ Հայաստան մուտք գործելուց հետո կատարվում է ԼՂ մեր հայրենակիցների կարիքների գնահատում:

 

Այս ամբողջ գործընթացը բավականին մեծ ուշադրության կենտրոնում է, այստեղ բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ միջազգային, ականատես են լինում, որ լուսաբանում են իրավիճակը»- ասաց Վարդան Սարգսյանը:

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչի տեղեկացմամբ՝ Գորիս է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությունը: Նրանք այցելել են Գորիսի կորդինացիոն կենտրոնը։

Նրա փոխանցմամբ՝ նախատեսվում է նաև Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության այցը Կոռնիձորի հումանիտար կայան։

Մեկնաբանություններ
Լրահոս