Սամվել Շահրամանյանը հանդիպել է ռուս խաղաղապահների տեղակայման վայրի մոտ հանգրվանած արցախցիների հետ, 30 ավտոբուս է հատկացվել՝ նրանց Հայաստան տեղափոխելու համար

ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ:

 

Հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

 

Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ:

 

Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի հատկացվել է թվով 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով:

Վերոնշյալ՝ անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների տեղափոխման գործընթացն ավարտելուց հետո մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը:

Կառավարությունը նախատեսում է նաև կազմակերպված եղանակով տրամադրել վառելիք:

Այն քաղաքացիները, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով ստիպված չէին լքել իրենց տներն ու բնակավայրերը, խնդրում ենք պահպանել հանգստություն և սպասել գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության:

Հաշվի առնելով բնակչության կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտները՝ կոչ ենք անում խուսափել խուճապային տրամադրություններից, անկարգապահության, բռնության և հանցավոր երևույթներից, ցուցաբերել զսպվածություն և օրինապահպանություն:

Տեղեկացնում ենք, որ գործընթացն իրավապահ մարմինների շուրջօրյա հսկողության տակ է, և վերջիններս կանխարգելման աշխատանքներ տանելու հանձնարարական ունեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.