Պիտի երաշխավորվի լրագրողի աշխատանքը պետական մարմիններում. ՄԻՊ-ը՝ ԲԴԽ-ում միջադեպի մասին

Ինձ համար շատ կարևոր է, որ լրագրողների աշխատանքը երաշխավորված լինի, քանի որ խոսքի ազատության, մամուլի ազատության երաշխավորման տեսանկյունից, այս իրավունքների պատշաճ իրականացումը ունի շատ կարևոր դերակատարություն:

 

Ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ճեպազրույցի ժամանակ:

 

Նա պատասխանել է օրերս ԲԴԽ-ում տեղի ունեցած միջադեպին վերաբերվող հարցերին:

 

«Կարևոր է նաև, որ պետական մարմինների աշխատանքը երաշխավորվի, և դա է պատճառը, որ հավասարակշռված լուծումներ է գտնվում: Այդ լուծումներից մեկն այն է, որ, այո, պիտի երաշխավորվի լրագրողի աշխատանքը պետական մարմիններում:

Ես հիմա չեմ խոսի բացառապես ԲԴԽ-ի մասին, որովհետև այնտեղ խոսքը նաև դատական վարույթի մասին է և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության տեսանկյունից սկզբունքների խնդրահարույց իրավիճակ չձևավորեմ»,- ասել է նա:

Մանասյանը նշեց, որ պետք է գոյություն ունենան ընթացակարգեր պետական մարմիններում, որոնք հնարավորություն տան կանոնակարգելու լրագրողների և քաղաքացիների՝ նիստերի դահլիճում ներկայացվածության ամբողջ պրոցեսները:

«Այսինքն պիտի լինի ընթացակարգ, որը հստակ կսահմանի, թե որ իրավիճակում ինչ ձևով պետք է արձագանքել: Օրինակ եթե հնարավոր չէ նիստերի դահլիճում լրագրողների և քաղաքացիների ներկայությունը երաշխավորել, ի՞նչ տարբերակով պիտի լուծումը գտնվի, որպեսզի խտրական վերաբերմունք չձևավորվի լրագրողների նկատմամբ:

Իմ գաղափարն այն է, որ պիտի լինի նման ընթացակարգ բոլոր պետական մարմիններում, և պիտի այդ ընթացակարգը շատ հստակ գործադրվի»,- ասել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.