Խոշտանգման դեպքերը մարտահրավեր են մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի և պետությունների կոլեկտիվ պայքարի համար․ Անահիտ Մանասյան

ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ հունիսի 26-ին, կազմակերպել է խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկում. նպատակն էր բարձրաձայնել քրեական արդարադատության համակարգում խոշտանգման, վատ վերաբերմունքի դեպքերի քննության և պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում զինվորների ու քաղաքացիական, այդ թվում՝ գերեվարված անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի առնչությամբ հարցեր:

 

Բացման խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին: Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,  իրավապաշտպաններ և անկախ փորձագետներ: 

 
 

Անահիտ Մանասյանը նշել է, որ օրվա առթիվ կազմակերպված քննարկումը լավ հարթակ է խոշտանգումների զոհերի աջակցությանը վերաբերելի հարցերը բարձրաձայնելու և լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար: Պաշտպանի դիտարկմամբ խոշտանգման դեպքերը շարունակում են մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ 

 

«Ցավոք, հանցագործության այս տեսակը տարածված է մի շարք երկրներում: Ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու դեպքերին։ Այդ հանգամանքը պետք է արժանանա պատշաճ գնահատականի»,- ասել է Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում: 

Միևնույն ժամանակ Պաշտպանը քննակման մասնակիցներին տեղեկացրել է, որ չնայած ոլորտը կատարելագործելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին` ՄԻՊ աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ։ Դա նշանակում է, որ պետությունը դեռ լուրջ աշխատանք ունի իրականացնելու նշված դեպքերի կանխարգելման, գործերի արդյունավետ քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Իրենց հերթին, Անդրեա Վիկտորինը և Նաթիա Նացվիլիշվիլին ևս կարևորել են նման ձևաչափով քննարկումները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել ոլորտում առկա բացերն ու խնդիրները։ Նրանք ընդգծել են, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ցանկացած դեպք անընդունելի է ժամանակակից քաղաքակրթությունում, իրենց առաքելության շրջանակում գործակցելով Մարդու իրավունքների պաշտպանի հետ ջանքեր կգործադրեն երևույթից հասարակությանը զերծ պահելու համար։

Քննարկումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.