ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենը նաև անդրադարձել են հետագա փոխգործակցության ընդլայնմանը

Հունիսի 2-ին, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

 

«Հանդիպմանը ներկա էին նաև ծառայության տնօրենի տեղակալները և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։

 

Ողջունելով հյուրերին՝ ծառայության տնօրենը կարևորեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ շարունակական համագործակցությունը, երկար տարիների համատեղ աշխատանքի փորձը։

 

Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն հայտնեց ընդունելության համար՝ նշելով, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և Փրկարար ծառայության համատեղ աշխատանքը հաջողված է, կան երկկողմ արդյունավետ համագործակցության մի շարք օրինակներ։

Մասնավորապես նշեց օրեր առաջ էլենթակայանում բռնկված հրդեհի ժամանակ հրշեջ-փրկարարների պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքը, որը հնարավորություն տվեց կանխել հրդեհի հետագա տարածումը: Ինչպես նաև հավելեց տարիներ առաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Թումանյան կայարանի մոտակայքում երկաթգծի ուղիներում վառելիքով բեռնված վագոնների մասնակցությամբ մասշտաբային պատահարի ժամանակ Ծառայության բարձր մակարդակով իրականացված գործողությունները, խոսեց քարաթափման վտանգ ներկայացնող հատվածներում փրկարարների ցուցաբերած աջակցության մասին, որոնց ընթացքում երկկողմ ակտիվ և արդյունավետ համագործակցություն է իրականացվել։

Մելնիկովը կարևորեց այն հանգամանքը, որ իրենց մասնագետները Ծառայությունում անցել են վերապատրաստումներ և ստացել «փրկարարի» որակավորում, ինչը հնարավորություն է տվել վերջիններիս, մինչև մասնագիտացված ուժերի դեպքի վայր հասնելը, ճիշտ գնահատել իրավիճակը և կազմակերպել նախնական արձագանքում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր ուղղություններով իրականացրած նաև այլ աշխատանքներ: Կողմերն անդրադարձան հետագա փոխգործակցության ընդլայնմանը. մասնավորապես՝ անտառային հերդեհների ժամանակ տեխնիկական աջակցության, տարերային և տեխնածին արտակարգ դեպքերի կանխարգելման և այլ հարցերի շուրջ։

Փրկարար ծառայության տնօրենը կարևորեց տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի շարունակականությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով, ընդգծելով, որ կուտակած փորձը և կատարված աշխատանքները կարող են արդյունավետ հիմք հանդիսանալ հետագա ծրագերի իրականացման համար։

Տնօրենը նաև շեշտեց համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը, պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում Ծառայության մասնագետներին ներգրավել թիրախային տեղանքների ընտրման, պլանների մշակման աշխատանքներում և անցկացնել վարժանքներ առավել իրատեսական պայմաններում:

Ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին ջանքերի մեկտեղման, սերտ համագործակցության շարունակականության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.