Հայկոյի կողքին կին կար, որի սխալ բուժման պատճառով Հայկոն կյանքից հեռացավ. Անահիտ Սիմոնյան

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է իր և Հայկոյի ամուսնալուծության, Հայկոյի մահվան ու դրա պատճառների մասին, փոխանցում է Tert.am-ը։


«Երկու տարի ես և Հայկոն ապրել ենք մի տանիքի տակ, բայց բաժանված ենք եղել: Բաժանման մասին չհայտարարելու միտքը եղել է հանուն Արմանի ու ավելորդ խոսակցություններից խուսափելու համար: Ամուսնալուծության միտքը շատ անգամ է եղել մեր ընտանիքում ու ոչ միայն ինձ մոտ: Մեզ մոտ լինում էին տարբեր բարդ շրջաններ, բայց անընդհատ փորձում էինք հաղթահարել ու այդ ամենի միջով պատվով անցնել: Բայց եկավ մի պահ երբ որոշեցի, որ այլևս չեմ ուզում խաղալ երջանիկ ընտանիք»,-պատմել է Անահիտը:
Նա նշել է, որ ամուսնության վերջակետն իր համար դրվեց այն պահին, երբ հասկացավ, որ Հայկոյին էլ չի խանդում: Նա պատմել է, որ մի օր հասկացավ, որ Հայկոյի հետ լավ ընկերներ են, բայց ոչ կին ու ամուսին: Անահիտը նաև պատմել է, որ ամուսնալուծությունից հետո էլ շարունակել է Հայկոյի հետ լավ հարաբերություններ ունենալ: «Երբ իմ կյանքում լավ բան էր լինում, առաջինը նրան էի զանգում, նույնն էլ Հայկոն: Մինչև իր վերջին շունչը իրար հետ եղել ենք կապի մեջ»,-պատմել է Անահիտը:

Անահիտը նաև խոսել է Հայկոյի մահվան պատճառների մասին:

«Քովիդի շրջանում Հայկոյի կողքին կար կին ու այդ կինը որոշել էր, որ ինքը «դոկտոր-պրոֆեսոր» է ու չգիտեմ՝ ինչպես է նրա խիղճը հիմա հանգիստ: Այդ կինն ուներ ընկերուհի, որը ինչ-որ մեկին բուժել էր ինչ-որ մեթոդով ու այդ կինը որոշել էր, որ այդ բուժման մեթոդը կհամապատասխանի բոլորին: Հիվանդանոցում Հայկոյին ասացին, որ նրան մեծ քանակությամբ հորմոն է սրսկվել ու դա արգելված էր: Այդ կինը Հայկոյի շրջապատի մտերիմն էր ու այդ պատճառով ոչ ոք այդ սխալի մասին չի խոսում: Եթե Հայկոն ճիշտ բուժում ստանար, այդպես չէր լինի: Ես ուզում էի դատի տալ այդ աղջկան, բայց հետո, երբ իմացա, որ արտաշիրիմում պետք է արվի, հրաժարվեցի այդ մտքից»,-պատմել է Անահիտը:

Անահիտը նաև պատմել է, որ քովիդի ժամանակ երբ Հայկոն մեկուսացած էր այդ կնոջ հետ իր ստուդիայում, զանգահարել է իրեն ու դեղ խնդրել ու երբ ինքն այդ դեղը տարել է Հայկոյի մոտ, Հայկոն զանգահարել ու ասել է, որ արդեն շտապօգնության մեքենայի մեջ է ու չի կարողանում շնչել:

«Ես կարողացա Հայկոյին վերջին անգամ տեսնել հիվանդանոցում, նա հազիվ ինձ ճանաչեց, բայց երբ ճանաչեց հարցրեց՝ ինչի եմ եկել, կվարակվեմ»,-ասաց Անահիտը:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.