Ինչու ՄԻՊ Անահիտ Մինասյանը չի կարող Գայանե Հակոբյանի կալանքի հարցին շատ անդրադառնալ

Փաստաբանների՝ Գայանե Հակոբյանի պաշտպանությունից հրաժարվելու մասին տեղեկություն չունեմ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Աշխատակազմը և ես հենց ամենասկզբից ուշադրության կենտրոնում ենք պահել այս գործը: Աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են խնդրին, մի շարք խնդիրներ փորձել ենք մեր ուժերով լուծել: Ինքս եմ այցելել, դրանից հետո Աբովյան ՔԿՀ-ում աշխատակազմի ներկայացուցիչներին խնդրել եմ այցելել, այնտեղ էլ պահման պայմանների և որոշակի խնդիրների փորձել ենք լուծում տալ: Հիմնականում խցային պահման հետ կապված խնդիրներ են եղել և, կարծես թե, շաբաթվա սկզբին այդ խնդիրը լուծում է ստացել», - ասաց ՄԻՊ-ը:

Նրա խոսքով՝  մեր քրեակատարողական հիմնարկներն ունեն կատարելագործման կարիք:

Անդրադառնալով այն հարցին, որ շատերն իր հայտարարությունն անհասկանալի են համարել, օգտագործված բառամթերքն էլ՝ անըմբռնելի՝ Մանասյանը նշեց.«Հաղորդագրությունն առաջին հերթին պետական իրավասու մարմիններին է ուղղված եղել, ինչպես նաև հանրային քաղաքական գործիչներին, պաշտոնատար անձանց, որոնք, կարծում եմ՝ ընկալել են հիմնական համատեքստը: Վերլուծություններ ու քննադատություններ անելիս պետք է էթիկայի կանոնները պահպանել, հատկապես, եթե խնդիրը մարդու իրավունքների պաշտպանությանն է վերաբերում: Պետական մարմինների, հանրային պաշտոն ստացողների կողմից խոսք կառուցելիս, վարքագիծը ձևավորելիս պետք է պահպանվի անձի անմեղության կանխավարկածը: Չպետք է խոսույթի ու վարքագծի առումով մտահոգություններ առաջանան: Եվ, հաշվի առնելով գործի հետ կապված հանրային մեծ հետաքրքրությունը, պետք է իրավասու մարմինները կարողանան շատ հստակ հանրային հաղորդակցություն վարել, որպեսզի հանրությունը պատշաճ տեղեկատվություն ունենա գործի, որոշումների մասին, բնականաբար, պահպանելով օրենքով նախատեսված սահմանափակումները:

Ինչու չեմ կարող կալանքի հարցին շատ անդրադառնալ, քանի որ օրենքով արգելք ունեմ դատարանների գործունեությանը միջամտելու առնչությամբ»:

Նա նշեց, որ հանրային, քաղաքական գործիչների կողմից անընդհատ ատելության խոսք է տարածվում այս համատեքստում, որն ինքն անընդունելի է համարում: Շեշտեց, որ պետք է հանրային բևեռացումը բացառվի:

ՄԻՊ-ը նաև ավելացրեց՝ շատ կարևոր է, որպեսզի պետությունը հոգեբանական աջակցություն ցուցաբերի կալանքի տակ գտնվող անձանց հարազատներին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.