Անահիտ Մանասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է կառույցի ինստիտուցիոնալ հզորացմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 18-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպման շրջանակում քննարկվել են Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ հզորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, գենդերային հավասարությանը, խտրականության բոլոր ձևերի, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն առնչվող մի շարք հարցեր:

 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԶԾ-ի հետ փոխգործակցության կարևորությունն ու կյանքի կոչվող համատեղ ծրագրերի արդյունավետությունը։

Հատուկ անդրադարձ է կատարվել «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրին, որն ուղղված է Պաշտպանի ինստիտուտի մոնիթորինգային կարողությունների զարգացմանը, ՄԻՊ մարզային ստորաբաժանումների ընդլայնմանն ու հզորացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանն անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում փաստահավաք աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրներին, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումներին։

Զրուցակիցները քննարկել են նաև ՄԱԶԾ հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող այլ ծրագրերը ևս, այդ թվում՝ «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները և վերջինիս շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցությունը։

Պաշտպանն ու ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչը վերահաստատել են տարբեր ուղղություններով համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.