ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է դադարեցնել Էրիկ Իսրայելյանի տարկետման տրամադրումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար տրված տարկետումը դադարեցնելու և ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-Ի № 2062 -Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին։

 

Նախագծի համաձայն՝ առաջարկվում է դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Էրիկ Արամի Իսրայելյանին (ծնվ.` 2004 թվականի հոկտեմբերի 25-ին) տրված տարկետումը՝ ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում ընդգրկված չլինելու հիմքով:

 

Բացի այդ, նշված է, որ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի մայիսի 4-ի 01/256 գրությամբ դիմել է, որ Էրիկ Արամի Իսրայելյանը չի ընդգրկվել ՀՀ բռնցքամարտի հավաքականների կազմում և անհրաժեշտ է դադարեցնել նրան տրամադրված տարկետումը:

 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը պայմանագիր է կնքել պրոֆեսիոնալ բռնցքամարտի Eye of the Tiger Management պրոմոուտերական ընկերության հետ ու կտեղափոխվի Կանադա:

Իսրայելյանն ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով իր նկատմամբ անուշադիր վերաբերմունքը։

Այս ամիս Էրիկ Իսրայելյանը կմեկնի Կանադայի Մոնրեալ քաղաք։  Պրոֆեսիոնալ ռինգում բռնցքամարտիկի նորամուտը կլինի հունիսի 1-ին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.